Սոցիալական մեդիա քաղաքականություն

IPSC_Website_2

Մեր ժամանակներում աշխատանքային առօրյայի անբաժանելի մասն է կազմում մարդկանց՝ սոցիալական ցանցերում ներկայությունն ու օնլայն գործողությունները:

Սոցիալական ցանցերը՝ Facebook, Twitter, Linkedin և այլն, ինչպես նաև բլոգերն ու wiki հարթակները, IPSC ընկերության համար միջոց են ընկերության և հանրության միջև ակտիվ երկխոսություն ապահովելու համար: Խոսքը ոչ միայն նշված սոցիալական ցանցերում գրանցված ընկերության պաշտոնական էջերի մասին է, այլև ընկերության աշխատակիցների անձնական էջերի, որոնցում նշված է, որ աշխատում են IPSC-ում:

Պրոֆեսիոնալ հաղորդակցությունը ընկերության և հանրության հետ ոչ միայն ամենօրյա աշխատանքային հարաբերություններում, այլև  սոցիալական ցանցերում, նպաստում է IPSC-ի դրական հեղինակության ձևավորմանը: IPSC ընկերության այն աշխատակիցները (մշտական, թե պայմանագրային), ովքեր իրենց անձնական սոց․ էջերում նշում են, որ աշխատում են IPSC-ում, պետք է հետևեն IPSC սոցիալական մեդիա քաղաքականության հռչակած սկզբունքներին:

Ինչու՞ է անհրաժեշտ սոցիալական մեդիայի օգտագործման ուղեցույցը

Օնլայն հարթակները արմատապես փոխում են մեր աշխատանքային հաղորդակցության ոճը ինչպես IPSC աշխատակիցների շրջանում, այնպես էլ պատվիրատուների և գործընկերների հետ շփման մեջ: Ամեն օր ավելանում է տարբեր սոցիալական էջեր օգտագործող մարդկանց և ընկերությունների թիվը, ինչը ենթադրում է, որ օնլայն հանրության առաջ պատշաճ ներկայանալը կորպորատիվ անհրաժեշտություն է:

Հարկ ենք համարում նաև նշել, որ IPSC ընկերությունը, սոցիալական մեդիայում իր աշխատակիցների վարքագծի կանոնները սահմանելով, չի խախտում նրանց անձնական իրավունքները: Օնլայն տիրույթում վաղուց արդեն ջնջվել են անձնական և մասնագիտական կյանքի սահմանները: Ուստի սոցիալական մեդիայում ցանկացած հրապարակում կատարելիս IPSC ընկերության աշխատակիցը ուղղակի կամ ոչ ուղղակի կերպով ազդեցություն է թողնում ընկերության հեղինակության վրա:

Հետևելով ընկերության՝ սոցիալական մեդիայում գործունեության կորպորատիվ սկզբունքներին, IPSC աշխատակիցներն ավելի հեշտությամբ կհամակարգեն իրենց սոցիալական մեդիա ակտիվությունը:

Սոցիալական մեդիա ակտիվության սկզբունքներ IPSC ընկերության աշխատակիցների համար

Սովորել

Գաղափարների փոխանակումը և շփումը ոլորտի այլ մասնագետների հետ նպաստում է մասնագիտական զարգացմանը, ինչը շատ կարևոր որակ է IPSC ընկերության աշխատակցների համար: Սոցիալական ցանցերը պետք է օգտագործել անհատական և մասնագիտական զարգացման համար: Ուստի IPSC ընկերությունը խրախուսում է օնլայն մասնագիտական քննարկումներին մասնակցությունը, մասնագիտական հրապարակումները, ինչպես նաև սոցիալական տարբեր մասնագիտական միջոցառումների մասնակցությունը:

Համագործակցել

Զբաղվելով հանրային կարծիքի և շուկայի հետազոտություններով ՝ IPSC ընկերությունը պարբերաբար առնչվում է հասարակության տարբեր խմբերի հետ, ուստի ընկերության համար կարևոր է շփումը ոչ միայն պատվիրատուների և ոլորտի մասնակիցների հետ, այլև ավելի լայն հանրության հետ: Որքան ավելի շատ են մարդիկ ծանոթանում ընկերության հետ, այնքան ավելի պատրաստակամ են մասնակցելու հարցումներին: IPSC-ն խրախուսում է տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ ակտիվությունն ու շփումը սոցիալական ցանցերում:

IPSC աշխատակիցները սոց․ ցանցերում պարտավոր են՝

  1. Ներկայանալ իրական անուն և ազգանունով

IPSC ընկերության աշխատակիցները պետք է լինեն ազնիվ ինչպես իրենց աշխատանքում, այնպես էլ սոցիալական ցանցերում ներկայանալիս: Սա վստահություն է առաջացնում ինչպես աշխատակիցների հանդեպ՝ որպես պրոֆեսիոնալ մասնագետի, այնպես էլ ընկերության գործունեության հանդեպ:

  1. Լինել պատասխանատու բովանդակության համար

Սոցիալական ցանցերում որևէ հրապարակում կատարելիս ընկերության աշխատակիցները պետք է մտածեն, թե ինչ ազդեցություն կթողնի այն նախ իրենց՝ որպես մասնագետի, և ապա ընկերության հեղինակության վրա: Ընկերության աշխատակիցները պետք է տարածեն միայն արժեքավոր ինֆորմացիա և ժամանակ առ ժամանակ վերանայեն իրենց նախկին հրապարակումները, քանի որ ժամանակի ընթացքում մասնագիտական և անձնային հատկանիշները փոխվում են, իսկ օնլայն ինֆորմացիան այժմ րոպեական տպավորություն է թողնում:

  1. Տեղյակ լինել, որ աշխատակցի անձը ասոցացվում է ընկերության հետ

Եթե աշխատակցի սոցիալական էջերում նշված է, որ նա աշխատում է IPSC ընկերությունում, ապա նրա անձը ասոցացվում է ընկերության հետ, ուստի անհրաժեշտ է ստուգել՝ արդյոք սեփական անձի մասին ինֆորմացիան և բովանդակությունը, որը ներկայացված է սոց․ ցանցում, համապատասխանում է այն կերպարին, որով աշխատակիցը կցանկանար ներկայանալ IPSC-ի գործընկերներին և պատվիրատուներին:

  1. Հարգել մյուսների հեղինակային իրավունքը

Որևէ ինֆորմացիա տարածելիս IPSC ընկերության աշխատակիցները պարտավոր են նշել աղբյուրը: Խոսքը նաև IPSC մտավոր սեփականություն հանդիսացող ինֆորմացիայի մասին է: Դրանք կարող են լինել հանրային հետազոտությունների արդյունքներ, հարցազրույցներից մեկնաբանություններ և այլն:

  1. Տարրանջատել սոցիալական մեդիա ակտիվությունն աշխատանքից

Սոցիալական մեդիայում անձնական էջերի օգտագործումը չպետք է խոչընդոտի աշխատակցի աշխատանքային պարտականությունների կատարմանը: Աշխատանքային ժամերին սոցիալական ցանցերի անձնական էջերում ակտիվություն կարելի է ցուցաբերել միայն ընկերությանն առնչվող թեմաներում:

  1. Հետևել անվտանգության կանոններին

Սոցիալական մեդիայում էջերը կարող են հարձակման ենթարկվել հաքերների կողմից: Ռիսկը նվազեցնելու համար IPSC-ի աշխատակիցները պետք է անվտանգ գաղտնաբառեր ունենան և պարբերաբար թարմացնեն դրանք:

  1. Ծանոթ լինել և հետևել IPSC բոլոր կանոնակարգերին

IPSC ընկերության ցանկացած աշխատակից իր աշխատանքը պատշաճ կերպով կատարելու և աշխատանքային թիմի լիարժեք անդամ դառնալու համար պետք է ծանոթ լինի և հետևի ընկերության գործունեության բոլոր կանոնակարգերին՝ այդ թվում նաև ընկերության սկզբունքներին և էթիկայի կանոնագրին, ընկերության կորպորատիվ քաղաքականությանն ու գաղտնիության պահպանման համաձայանագրին:

Ծանոթացեք նաև IPSC հետազոտություններին

  • IPSC - Institute for Political and Sociological Consulting
  • IPSC - Institute for Political and Sociological Consulting
  • IPSC - Institute for Political and Sociological Consulting

Copyright © 2008-2017, ver 3.2 IPSC: Դիզայն և ծրագրավորում՝ IPSC Communications: IPSC.am կայքից մասնակի կամ ամբողջական մեջբերումներ կատարելիս՝ ընկերությունից գրավոր կամ բանավոր թույլտվություն ստանալը պարտադիր է։